Լրահոս
25.10.18, 06:59

ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող թվով 3 նյութերը մերժվել են

ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող թվով 3 նյութերը մերժվել են

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 3 հաղորդում:

Հոկտեմբերի 23-ին որոշում է կայացվել արձանագրված 3 նյութերով մերժել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում  քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝«Հրազդանի 26/14 ընտրատեղամասում օգնողը մտել է քվեախուց՝ քվեարկել և իր փոխարեն և օգնության կարիք ունեցող անձի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդան համայնքի բնակիչը բացատրություն  է տվել այն մասին, որ իր և հորեղբոր ընտանիքի հետ բնակվում են մի հարկի տակ: Հայտնել է, որ հորեղբայրը մանկուց ունի տեսողության և լսողության հետ խնդիր և նրա խնդրանքով օգնել է քվեարկել այն թեկնածուի օգտին, որին մատնանշել է հորեղբայրը:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Armlur.am» կայքում հրապարկված  «Հրազդանի քաղաքապետի թեկնածուն քվեարկում է ուրիշի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նշված դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ի թիվս այլ անձանց բացատրություն է տվել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու  Լևոն Ստեփանյանը և հայտնել, որ քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով իր տատի հետ գնացել է 26/1 ընտրատեղամաս: Քանի, որ Ստեփանյանի տատն ունեցել է տեսողության հետ կապված խնդիր և հնարավորություն չի ունեցել ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը,  ուստի նրանք դիմել են թիվ 26/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահին և գրանցվելով որպես օգնող անձ՝ հնարավորություն  է ստացել օգնել տատին, կատարել քվեարկություն:

Քննության է առնվել նաև 28/04 ընտրատեղամասի նախագահի հաղորդում այն մասին, որ ընտրություն կատարող քաղաքացին բջջային հեռախոսի միջոցով լուսանկարել է իր կողմից արդեն լրացված քվեաթերթիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ քաղաքացին բացատրություն է տվել, որ իր արարքում չկա շահադիտական նպատակ և քվեաթերթիկը նկարել է հետագայում կնոջը ցույց տալու նպատակով: Քաղաքացին ընտրատեղամասում իրեն ուղղված պահանջից հետո ջնջել է լուսանկարը: