Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. պարզվում են դեպքի հանգամանքները
2020 թվականի փետրվարի 29-ին՝ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաև՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: