Լրահոս
05.02.19, 11:30

Վարձավճարով վերցրած ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականը՝ գումար է հափշտակել

Վարձավճարով վերցրած ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականը՝ գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեությամբ և վստահությունը չարաշահելով խոշոր չափի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակչին:

Քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1974թ., ամսական վարձավճարով վերցրել է Երևան քաղաքի բնակչին պատկանող «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան և այն տիրապետելու փաստացի հնարավորություն է ունեցել:

2018թ. հունվարի 19-ին 44-ամյա տղամարդը, խոշոր չափի գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչի տանը վարձավճարով վերցված ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականը, այն 1.301.292 ՀՀ դրամին համարժեք 2.700 ԱՄՆ դոլարով վաճառելու պատրվակով վերցրել է գումարի մի մասը՝ մյուս մասը հետագայում վերցնելու պայմանով:  Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ հունվարի 20-ին, Բագրատաշեն անցակետով 44-ամյա տղամարդը հատել է ՀՀ սահմանը՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ոսկեհատ գյուղի բնակչից հափշտակելով խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: