Լրահոս
01.06.20, 10:41

Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

2019թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել և ստացել են հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է:

Վերը նկարագրված եղանակով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միասնական և համակարգված քննության կատարման նպատակով կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև՝ ՀՀ վճարային համակարգի ոլորտի ընկերությունների գործուն աջակցությամբ պարզվել են հանցագործությունների կատարման հանգամանքները:  

Մասնավորապես պարզվել է, որ հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտված անձի կողմից, ով «Facebook» սոցիալական ցանցում տարբեր ժամանակահատվածներում գրանցելով երեք տարբեր իդենտիֆիկացիոն տվյալներ ունեցող «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ անհատական էջեր՝ «Messenger» հավելվածով նամակագրական շփում է ծավալել իրեն դիմած մի քանի տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով իբրև ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու իրավասություն ունեցող անձ: Այնուհետև իր առաջարկությամբ հետաքրքրված անձանց վերոնշյալ բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ վերջիններից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» և «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ընդ որում, փոխանցված գումարների հետ իրեն չնույնականացնելու նպատակով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից փոխանցված գումարները ստացել է մտացածին տվյալներով անձանց անվամբ բացված կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին: Ապա՝ հափշտակված գումարները կանխիկացնելու հնարավորություն ստանալու նպատակով կեղծ հաշիվներին կուտակված գումարները vivarobet.am կայքի «Belote» խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի՝ իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվների և «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու և վերջիններիս պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: