Լրահոս
14.08.20, 07:46

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամը:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով վերոնշյալ մասնաճյուղի տնօրեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությանն միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: