Վերապատրաստման դասընթացներ՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների համար
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները Արդարադատության ակադեմիայում մասնակցել են վերապատրաստման դասընթացների երրորդ փուլին: Ուսումնառության ժամաքանակը 32 ակադեմիական ժամ է։
Վերապատրաստման նպատակն է ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործումը՝ «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենքի, գործավարության կարգի, հոգեբանության, արխիվային գործի, գաղտնի գործավարության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի ոլորտներում:
Չորսօրյա դասընթացներին մասնակցել են ՔԿ դեպարտամենտի թվով 16 պետծառայողներ:
Ուսումնառության ավարտին հանձնաժողովը՝ ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի նախագահությամբ, գնահատել է վերապատրաստման արդյունքները՝ միասնական բանավոր քննությամբ:
Վերապատրաստման դասընթացների երրորդ փուլին մասնակցած բոլոր պետծառայողները դրական գնահատականի են արժանացել: