Վերապատրաստում՝ ԱՄՆ իրավասու մարմինների հետ իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության սերտացման նպատակով․ բացման արարողությանը մասնացել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր մասնակցել է ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ԱՄՆ արդարադատության նախարարության միջազգային օգնության գրասենյակի (OIA) և ԱՄՆ պետդեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության այցի շրջանակներում Երևանում անցկացվող՝ իրավական փոխօգնության հարցումներին վերաբերող երկօրյա վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը։
Վերպատրաստումն ուղղված է ԱՄՆ իրավասու մարմիններին իրավական փոխօգնության հարցումներով դիմելու ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հմտությունների կատարելագործմանը, նման հարցումներին ներկայացվող պահանջների, հարցումների ներկայացման և դրանց լուծման ընթացակարգերի վերաբերյալ օգտակար տեղեկատվության և փորձառության տրամադրմանը։
Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն իր խոսքում կարևորել է նման դասընթացի անցկացումը քրեական վարույթներով ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև համագործակցության սերտացման, իրավական փոխօգնության խնդրանքների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Արսեն Այվազյանը նշել է, որ այդ հարցում հմտությունների զարգացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ իրավասու մարմինների կարիքներից, իսկ ստացած գիտելիքների գործնական կիրառումը կնպաստի հատկապես անդրազգային բնույթ կրող հանցագործությունների, մասնավորապես փողերի լվացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեպքերով նախաքննության արդյունավետությանը և արագությանը։ Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական՝ վերահաստատելով դրանց ՀՀ քննչական կոմիտեի շահագրգիռ ներգրավվածության պատրաստակամությունը։
Երկօրյա դասընթացին մասնակցում են ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը, ինչպես նաև ՀՀ ՔԿ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների թվով 16 ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք։