Զինված միջադեպ Վանաձորում. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել է երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի:
Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ տրամաչափի 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ տրամաչափի գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:
Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քրեական գործի շրջանակներում, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1973 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: