Լրահոս
    18.01.23, 14:24

    Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

    Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։

    2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ  նույն օրը` ժամը 17։30-ի սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։

    Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են  տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները։

    Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունա­տեխնոլոգիական, դատաշինարարա­տեխ­նիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։

    Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու ուղղությամբ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ  մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: