Լրահոս
06.11.23, 14:57

2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու դեպքի նախաքննությունը

2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ անձինք վիճաբանում են, ինչից հետո լսվել են նաև կրակոցներ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել և հիմնավորվել է հետևյալը: Նոր Խարբերդ գյուղի 25-ամյա բնակիչ Ա.Պ.-ն  2022թ հոկտեմբերի 12-ին «Ադանա» ռեստորանային համալիր մոտ վիճաբանել է քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ինչից հետո ռեստորանի մոտ է կանչել Հ.Ղ.-ին և Բ.Ա.-ին:

Մեկ այլ անձի անվամբ հաշվառված՝ «Մերսեդես բենց G500» մակնիշի ավտոմեքենայով վերջիններս ժամանել են ռեստորանի մոտ, և նախկինում դատապարտված, 30-ամյա Հ.Ղ.-ն խուլիգանական դրդումներով վեճի է բռնվել 25-ամյա երիտասարդի հետ մինչև այդ վիճաբանած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ:

Հետո իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակիցներին, ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ է արձակել՝ իրական վտանգ ստեղծելով այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվողների մոտ:

Նշված գործողությունների արդյունքում խափանվել է ռեստորանային հալիրում տեղի ունեցող արարողության բնականոն ընթացքը, իսկ դեպքի վայրում գտնվող անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Այնուհետև, Հ.Ղ-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, 25-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել Հ.Ղ.-ի կողմից գործադրված «Բայկալ-442» տեսակի հրազենը, այն պահել և կրել իր մոտ, ապա 2022թ. հոկտեմբերի 14-ին ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե հիշյալ միջադեպի ժամանակ տվյալ հրազենից օդ կրակողը ինքն է եղել՝  այդպիսով աջակցելով Հ.Ղ.-ին:

Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ Հ.Ղ-ն ապօրինի կերպով, դիտավորությամբ ձեռք է բերել, պահել ու կրել գործարանային արտադրության, «Մակարով» տեսակի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված հրազեն՝ իր պահեստատուփով և 8 փամփուշտով: Նշված հարզենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտանաբերվել են ՀՂ-ի անձնական խուզարկությամբ՝ 2023թ. մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող նշված անձին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելուց, ձերբակալելուց և ոստիկանության Արտաշատի բաժնին տեղափոխելուց հետո:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 25-ամյա երիտասարդին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 474-րդ հոդվածների (հանցանք կատարած անձին աջակցելը) 1-ին մասերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։

Հ.Ղ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որն ավելի ուշ  փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված՝ գրավով՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:

Վարույթից անջատված՝ վերոնշյալ հանցավոր արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, հիշյալ 2 անձանց վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատարան:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ խուլիգանությանը մասնակից անձանց բոլորի ինքնությունները պարզելու, ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: