Լրահոս
06.08.15, 12:54

20-ամյա աղջիկը մեղադրվում է ավազակային հարձակման վերաբերյալ սուտ մատնություն անելու մեջ

20-ամյա աղջիկը մեղադրվում է ավազակային հարձակման վերաբերյալ սուտ մատնություն անելու մեջ


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 20-ամյա աղջկան՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։

2015 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 20:40-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, ապա ներկայացվել հաղորդում, որ դիմակավորված 3 անձ մտել է նույն քաղաքի բնակարաններից մեկը, կապկպել տանտիրոջ 20-ամյա աղջկան ու հափշտակել 5 միլիոն ՀՀ դրամ: Հաղորդման հիման վրա Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ աղջիկն առանց ծնողներին իրազեկելու և թույլտվություն ստանալու՝ նրանց կուտակած գումարն ամբողջությամբ ծախսել է իր ընկերների հետ։ Վախենալով հոր հնարավոր արձագանքից՝ աղջիկը հունիսի 16-ին խառնել է տան իրերը, ապա ինքն իրեն կապկպել, զանգահարել ազգականին և օգնություն խնդրել, որից հետո զանգահարել է ոստիկանություն և չկատարված առանձնապես ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա աղջկան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Սուտ մատնություն` զուգորդած  ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: