Լրահոս
26.12.18, 08:37

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ Արմավիրի 24-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ Արմավիրի 24-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում Արմավիրի մարզի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեկ անձ ձերբակալվել է:

2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:25-ին, կրծքավանդակի «ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մոտից շտապօգնության ծառայության կողմից «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1998 թվականին:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրն Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը և Երևանի 20-ամյա բնակիչը Աջափնյակի դպրոցներից մեկի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիրի մարզի բնկաչին:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:50-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նա ձերբակալվել է՝ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ երիտասարդը մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել է և առգրավվել:

Առգրավվել են նաև դեպքի պահին երիտասարդների հագին եղած հագուստները, կատարվել է «Արմենիա» ՀԲԿ գրանցամատյանի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: