Լրահոս
16.10.15, 13:46

21-ամյա աղջկա առևանգումը կանխել է անցորդը. Արաբկիրի քննչական բաժնի պետն ընդունել է հանցագործությունը կանխած բնակչուհուն

21-ամյա աղջկա առևանգումը կանխել է անցորդը. Արաբկիրի քննչական բաժնի պետն ընդունել է հանցագործությունը կանխած բնակչուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկան առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ, իսկ հանցագործությունը կանխած Երեւանի բնակչուհուն հայտարարվել է շնորհակալություն։

Հոկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝  ժամը 18:20-ի սահմաններում,  3 երիտասարդ Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտից փորձել են ամուսնության նպատակով առևանգել 21-ամյա մի աղջկա։

Նախնական քննության տվյալներով՝ աղջկա կամքին հակառակ, ցուցաբերած դիմադրությունը բռնության միջոցով հաղթահարելով՝ երիտասարդները նրան նստեցրել են  մուգ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մեջ` փորձելով բացահայտ առևանգել, ինչը նկատել է պատահական անցորդ, Երևանի բնակչուհի Հեղինե Սաֆարյանը։ Վերջինս միջամտել է և ակտիվ գործողություններ ձեռնարկել հանցագործությունը կանխելու ուղղությամբ. նստել է նշված մեքենայի վարորդի կողքի նստատեղին և իր գործողություններով կանխել աղջկա առևանգումը։ Արդյունքում՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել երիտասարդների կամքից անկախ հանգամանքներում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 15-ին Երևանի բնակչուհի Հեղինե Սաֆարյանին հրավիրել է քննչական բաժին և իր խորին շնորհակալությունը հայտնել՝ հանցագործությունը կանխելու և իր քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: