Լրահոս
09.08.21, 12:31

24-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

24-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 37-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, նույն մարզի 24-ամյա բնակիչն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկել է Երևան քաղաքի ուղղությամբ: Մեծամոր քաղաքի վարչական տարածքում նույն ճանապարհով և նույն ուղղությամբ ընթացող՝ 37-ամյա տղամարդու կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային չզիջելու կապակցությամբ վերջինս ձայնային և լուսային ազդանշան է տվել 24-ամյա երիտասարդին, որը ևս պատասխան երկարատև ձայնային ազդանշան է տվել: Այնուհետև 37-ամյա տղամարդն, իր ավտոմեքենան մոտեցնելով 24-ամյա երիտասարդի ավտոմեքենային, կանգնեցրել է նրան նշված ճանապարհի աջակողմյան գոտում  գործող ժամանցի կենտրոնի հարևանությամբ ու իր ավտոմեքենան կայանել նրա կողքին: Վերջիններս վիճաբանել են ու փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, որից հետո 24-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր դասելու մոլուցքով տարված, սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից ավտոմեքենայի բաց պատուհանից մեկ կրակոց է արձակել 37-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և ՀՀ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: