Լրահոս
20.08.20, 10:16

25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինիս ամուսնու նկատմամբ

25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել  վերջինիս ամուսնու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու  դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով ապօրինաբար զրկել է կյանքից և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն)1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: