Լրահոս
02.05.19, 07:21

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018 թվականի հունիսի 10-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, թմրամիջոցներն իրացնելու գործում իր օգնությունն առաջարկելու նպատակով զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող, թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող իր ծանոթին:  Վերջինս ընդունելով առաջարկը՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակելու դիմաց Երևանի 26-ամյա բնակչին խոստացել է թմրամիջոցների վաճառքից գոյացած գումարը բաժանել հավասարաչափ:

26-ամյա երիտասարդը, խոստացված օժանդակությունը ցուցաբերելով և գործելով նշված կալանավորի ցուցումով, 2018 թվականի հունիսի 13-ին, թմրամիջոցը ձեռք բերելու, այնուհետև այն փաթեթավորելու և գնորդներին փոխանցելու նպատակով գնացել է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող  խաղատներից մեկի հարակից հատվածը, այնտեղ գտնվող շրջադարձ ճանապարհային նշանի տակից վերցրել է նախապես նույն վայրում դրված ծխախոտի տուփը, որի մեջ եղել է 5 փաթեթ՝ ընդհանուր 4.16 գրամ քաշով առանձնապես խոշոր չափի MDMB (N)-2201 (սփայս) տեսակի թմրամիջոցով, որից հետո վերադարձել է Երևան:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Երևան վերադառնալու ճանապարհին՝ Աճառյան փողոցի սկզբնամասից 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և առգրավվել է նշված առանձնապես խոշոր չափի սփայս տեսակի թմրամիջոցը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: