27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակիչը, վիճաբանության մեջ մտնելով ՍՊ ընկերությանը պատկանող բար- սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխին, ոտքով՝ կրծքավանդակին, վայր գցել գետնին, որից հետո գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել գլխին և բար-սրճարանի աշխատակցի առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: