Լրահոս
09.04.18, 12:41

3 անձ կալանավորվել է՝ բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

3 անձ կալանավորվել է՝ բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ ծնված 1976թ., ով, ինչպես պարզվել է, մարմնական վնասվածքն ստացել է Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման ժամանակ։

Դեպքի առթիվ  հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնության են եկել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող  բենզալցակայանից հափշտակություն կատարելու վերաբերյալ և այդ նպատակով ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, գլխարկով բաճկոններ, մետաղյա ձողեր: Դեպքի օրը՝ լուսաբացին, պայմանավորվածության համաձայն, գնացել են բենզալցակայան՝ իբր բենզին գնելու, ապա հարձակվել հանգստի սենյակից դուրս եկած բենզալցակայանի աշխատակցի վրա և որպես զենք օգտագործվող առարկայով թիկունքից բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք  հափշտակել են  աշխատակցի մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը և այլ ապրանքներ, ապա դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: