3 անձի կողմից Վարդենիս համայնքի 14-ամյա բնակչուհուն տանից առևանգելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա առևանգման դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է:
Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անչափահաս անձին առևանգելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 19, 21 և 34–ամյա բնակիչները, վերջինիս կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են նույն համայնքում գտնվող տներից մեկի մոտ: 19 և 21-ամյա երիտասարդները, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև նույն բնակարանի անչափահաս՝ 2008թ. ծնված բնակչուհուն առևանգելու դիտավորությամբ, անտեսելով տանը գտնվող մանկահասակ քույրերի և եղբայրների, ինչպես նաև տանից բացակայող նրանց մոր կամքը, ապօրինի մուտք են գործել այդ բնակարան և 14-ամյա բնակչուհուն ազատ արձակելու պայմանով վերջինիս մորը հանդիպման պահանջ ներկայացնելով, աղջկան, նրա կամքին հակառակ, բնակարանից հանել են դուրս, նստեցրել ավտոմեքենան և տարել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում գտնվող հանդիսությունների սրահի մոտ։ Այստեղ երիտասարդներից երկուսն իջել են մեքենայից, իսկ 34-ամյա տղամարդը, որոշ ժամանակ անց նկատելով անչափահաս աղջկա հուզված վիճակը, նրան հետ է տարել իրենց տուն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 19 և 21-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով և 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 34-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: