Լրահոս
28.10.15, 12:35

30-ամյա տղամարդը մահացու մարմնական վնասվածքն ստացել է խնջույքի ժամանակ. կատարվում է քննություն

30-ամյա տղամարդը մահացու մարմնական վնասվածքն ստացել է խնջույքի ժամանակ. կատարվում է քննություն


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:

Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ  է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Պարզվել է  մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից  մարմնական վնասվածքն ստացել է  Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։

Քննությամբ պարզվել է  խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է  փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ,  վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են  դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: