Լրահոս
23.03.23, 11:32

33-ամյա գորիսեցի տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է

33-ամյա գորիսեցի տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Գորիս քաղաքի 56-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը, նույն քաղաքի 56-ամյա բնակչի հետ, անձնական հարցի՝ մտերմուհու կողմից իր հետ հետագա շփումը մերժելու կապակցությամբ 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 22:30-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկի՝ Սաթյան փողոցին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել վերջինիս հոր հետ։

Դրանից րոպեներ անց՝ ժամը 23:11-ին, իր վարած «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենայով նա մեկնել է հիշյալ տարածք, ապա՝ հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինաբար կյանքից զրկելու հանցավոր դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով կրակոցներ է արձակել տղամարդու կրծքավանդակի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ: Ժամը 23:20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, վերջինս, գիտակցության չգալով, ստացած վնասվածքներից մահացել է:

Բացի այդ, նույն միջադեպի ընթացքում 33-ամյա երիտասարդը, սպանվածի 55-ամյա եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,  հիշյալ հրազենով մեկ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, ապա բռունցքով հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով 55-ամյա տղամարդը վայր է ընկել: Այնուհետև անձը ևս երկու կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. առաջին կրակոցի հետևանքով արձակված գնդակը դիպել է տղամարդու ժիլետի գրպանում գտնվող բջջային հեռախոսին, իսկ մյուս երկու կրակոցներից արձակված գնդակները վերջինիս չեն դիպել:

Գորիս քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: