33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1986թ. ծնված քաղաքացուն:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 29-ին ազգությամբ հայ, Վրաստանի Հանրապետության՝ 1986 թվականին ծնված քաղաքացին մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին, ապա կացինը թափահարելով հարձակվել է նրա վրա և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել գումար, սակայն բանկում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: