Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ, գեներալ-դոկտոր Հասան Հադի Լազիզի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արսեն Այվազյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։
Արսեն Այվազյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթների առանձնահատկությունները։
Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետն իր հերթին ներկայացրել է Իրաքի իրավապահ համակարգը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխօգնության շրջանակում իրավական հարցումներին արագ արձագանքելու, երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ համագործակցություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: