Լրահոս
08.02.21, 12:41

39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ իր կնոջը նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ իր կնոջը նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

2021թ. փետրվարի 2-ին՝ ժամը 15։30-ին, «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին,  որ «կրծքավանդակի, պարանոցի շրջանի կտրած-ծակած  վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել  Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի:

Նույն օրը՝ ժամը 15։45-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ վերը նշված բնակարանից «սրտի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը  ստացվել է ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 2-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, վերոնշյալ բնակարանում 39-ամյա տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել իր 36-ամյա կնոջը, այնուհետև նույն դանակով վնասել իրեն։

39-ամյա  տղամարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:

2021թ. փետրվարի 6-ին որոշում է կայացվել 39-ամյա տղամարդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին և վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: