4 ամսական երեխան մահացել է գանգուղեղային բութ վնասվածքներից
4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ փոքրիկի սպանության մեջ մեղադրվող կինն ունի հոգեական առողջության հետ կապված որոշ խնդիրներ և սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ 2008 թվականին մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար, դատակենսաբանական փորձաքննություններ։
Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 98 եզրակացությամբ հիմնավորվել է, որ երեխան մահացել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանքով. պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ և ձախ գագաթոսկրերի վերնոսկրային, ապոնևրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետևանքով, կենդանության օրոք, որոնք ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, և դրանք (վնասվածքները) տվյալ դեպքում բերել են մահվան:
Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 125 եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «Թուլամտություն անհայտ ախտածագման»:
Փորձագետները դժվարացել են պարզել երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մեղսունակության հարցը հանցագործության կատարման ժամանակ՝ մատնանշելով օբյեկտիվ տեղեկությունների, որևէ բուժփաստաթղթերի բացակայությունը, սակայն փաստել են, որ ներկա հոգեկան վիճակով նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադրական բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Նա սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը 01.12.2015թ. որոշում է կայացրել՝ քրեական գործով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 03.12.2015թ. բավարարել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ նրան տեղավորելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» դատահոգեբուժական կլինիկայի ընդհանուր հսկողության բաժանմունքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: