44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն:
2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 1988 թվականին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի, գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով վնասվածքներով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի զարգացման:
Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննություն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1974 թվականին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տղամարդը, դռան սողնակը բացելու միջոցով մուտք է գործել նախկին կնոջ տուն, խանդի շարժառիթով, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նրա դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում կենսական կարևոր օրգաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: