Լրահոս
02.09.19, 13:15

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ԻԻՀ քաղաքացու աշխատասենյակից առանձնապես խոշոր չափերով գումար գողանալու համար

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ԻԻՀ քաղաքացու աշխատասենյակից առանձնապես խոշոր չափերով գումար գողանալու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին:

2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով իր աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է 15.400 ԱՄՆ դոլար և 4.006.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում   փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1969 թվականին: Վերջինս հայտնաբերվել է, հարցաքննվել և նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում վերջինս ներկայացրել է հափշտակություն կատարելու հանգամանքները:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 50-ամյա տղամարդը 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով գրասենյակում մարդ չլինելու հանգամանքից, բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գրասենյակ, այնտեղ գտնվող պահարանից գաղտնի հափշտակել դրամապանակ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի պարունակությամբ, և դիմել փախուստի, իսկ հափշտակված գումարը ծախսել իր անձնական կարիքների համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի ապացույցների արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից նախկինում ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  հարուցվել և քննվում է ևս մեկ քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակիչն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող կազմակերպության աշխատասենյակներից մեկը, որտեղից գաղտնի հափշտակել է «Այֆոն 6» ապրանքանիշի բջջային հեռախոս, որից հետո այն վաճառել է իրեն անծանոթ անձի, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսել` անձնական կարիքները հոգալու համար:

Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափերի գումարը և բջջային հեռախոսը հայտնաբերելու, ինչպես նաև՝ վերջինիս կողմից կատարված այլ հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախկինում 11 դրվագ գաղտնի հափշտակություններ կատարելու համար 27 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրելուց հետո 2018թ. նոյեմբերի 1-ին համաներման ակտի ընդունման հիմքով ազատվել է պատժի կրումից: Հատկանշական է, որ դրանից հետո նա շարունակել է իր գործունեությունը և զգալի չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու համար դատարանի վարույթում քննվող քրեական գործերով հանդիսանում է ամբաստանյալ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը և կատարել նմանատիպ հերթական հանցագործությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: