Լրահոս
19.04.19, 07:44

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել տուժողի 22-ամյա որդուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի տներից մեկում տեղի է ունեցել սպանություն:

Նախաքննությամբ պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 1997 թվականին ծնված երիտասարդի և վերջինիս 51-ամյա հոր միջև, որի ժամանակ էլ երիտասարդը խոհանոցային դանակով վնասվածքներ է հասցրել հոր պարանոցին և դեմքին, այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել գլխին, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նաև կրծքավանդակին:

Արդյունքում՝ տղամարդը մահացել էր՝ դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1997 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: