52-ամյա ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար
![52-ամյա ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 52-ամյա ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար](https://investigative.am/storage/files/2020/06/1591956822,9087.jpeg?token=872924a84174b17173f247aff3a0846b4cec13fc)
2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել և վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող, վերջիններիս վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: