75-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել և մահացել. վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Շատվան գյուղի 75-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
2016 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին հայտնաբերվել է անհայտ անձի դի:
Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Վլադիմիր Մարտիրոսի Գրիգորյանը (ծնված 31.12.1941թ.), ում, ըստ նախնական տվյալների, դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել չպարզված մակնիշի ավտոմեքենա։ Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից 75-ամյա տղամարդը մահացել է, իսկ վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են դիակի հագին եղած հագուստները:
Դեպքի հանգամանքները, ականատես անձանց, առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը, վերջինիս վարած տրանսպորտային միջոցը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: