Լրահոս
12.09.24, 15:03

9 տարի շարունակ հավաքած հարկերի և վարձավճարների գումարները՝ ավելի քան 18մլն դրամ, համայնքային բյուջե չմուտքագրելով, հափշտակել է․ Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակցին մեղադրանք է ներկայացվել

9 տարի շարունակ հավաքած հարկերի և վարձավճարների գումարները՝ ավելի քան 18մլն դրամ, համայնքային բյուջե չմուտքագրելով, հափշտակել է․ Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակցին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  Վանաձոր քաղաքի 60–ամյա բնակիչը 2002թ․–ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝  որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել  համայնքի վարչական տարածքի՝ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերի հավաքագրման լիազորություններով։

2013թ․–ից 2022թ․ մայիսն ընկած ժամանակւսհատավւսծում վերջինս, շարունակաբար, 40-ից ավելի քաղաքացիներից, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊ ընկերություններից հավաքագրել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարները, սակայն դրանք չի մուտքագրել Վւսնաձոր համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար։ Այդ կերպ կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով' ավելի քան 18.000․000 ՀՀ դրամ՝ իրեն վստահված գույքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 60–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: