Լրահոս
03.04.17, 16:23

Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով. Նախաքննությունը շարունակվում է

Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով. Նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երևան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։

Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի դրդապատճառները, բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանցից չուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: