Աջափնյակում, դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ 40-ամյա տղամարդը կալանավորված է
Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
2023թ. հոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տղամարդը վնասվածքները ստացել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում հնչած կրակոցների ժամանակ։
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ Երևանի 40-ամյա բնակիչը նպատակադրվել է ապօրինի կերպով կյանքից զրկել 54-ամյա համաքաղաքացուն։
Այդ նպատակով, նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 8 փամփուշտներով։
Այնուհետև, իմանալով, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին 54-ամյա համաքաղաքացին լինելու է վերը նշված դատարանի տարածքում, նշված զենքով զինված գնացել է այնտեղ և հանցավոր մտադրությունն իրագործելու համար դարանակալել։
Ժամը 14:55–ի սահմաններում, երբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող «Байкал-442» մոդելի ատրճանակից թվով չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնասվածնքեր։
Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց և նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Իսկ 40-ամյա տղամարդը դիմել է փախուստի։
Վերջինիս վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ներկայացված՝ հանցագործության գործիք «Байкал-442» մոդելի ատրճանակի ձեռքբերման, ձևափոխման և այլ հանգամանքներ պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։