Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նույն գյուղի 56-ամյա բնակիչը իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է 29-ամյա համագյուղացու որովայնի հատվածին` պատճառելով որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած թափանցող մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարված քննչական գործողությունների արդյուքնում 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: