Անչափահասի դանակահարություն Շիրակում
![Անչափահասի դանակահարություն Շիրակում Անչափահասի դանակահարություն Շիրակում](https://investigative.am/storage/files/2015/11/1447431098,4532.jpeg?token=0748d4869b638d5214cadac2b90f7285372c033c)
2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:25-ին, Գյումրու «Ավստրիական» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա» վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի անչափահաս մի բնակիչ: Հիվանդանոցի դատական դեպքերի մատյանի զննությամբ պարզվել է, որ անչափահասը հայտարարել է, թե դաշտում կաղամբ հավաքելիս ընկել է և ձեռքի դանակով վնասվել։
Մինչդեռ անչափահաս տղայի հայրը գրավոր հաղորդում է տվել, որ տղային դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել իրենց համագյուղացի մի տղա, ով ևս անչափահաս է։ Վերջինիս ինքնությունը պարզվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Տուժած անչափահասը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալ: Վերցվել են դեպքի պահին երկու անչափահասների հագին եղած հագուստները։
Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: