Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում. դանակահարվել է երկու անձ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։
2018 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 02:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնևմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս, որոնցից մեկին՝ 2001 թ. ծնված պատանուն, պատճառվել է ծանր մարմնական վնաս, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել. Նա ստացել է համապատասխան բուժօգնություն և գնացել տուն։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ևս Դիլիջանի բնակիչ է, ծնված՝ 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: