Անհետ կորած Ֆրանսիայի քաղաքացու՝ 74-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Արմավիրում (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2011 թվականից անհայտ կորած համարվող կինն սպանվել է ՀՀ քաղաքացու կողմից։ Հարցաքննության ժամանակ քաղաքացի Գ.Խաչատրյանը հայտնել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանության մանրամասները։
Քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ Գ.Խաչատրյանը մատնացույց է արել սպանության, դիակի գտնվելու վայրը և նրա մատնանշված վայրում հայտնաբերվել է մարդու կմախք։Ըստ քրեական գործի նյութերի՝ Ֆրանսիայի քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեն՝ Գ.Խաչատրյանի հետ, 2011թ. դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել էր Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի մասին տեղեկություններ չկային:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Խաչատրյանը շահադիտական դրդումներով Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան թիվ 102 չվերթով վերջինիս հետ ժամանել է Հայաստան, մի քանի օր ապրել իր տանը, ապա դեղահաբերի միջոցով սպանել նրան, հափշտակել վերջինիս բանկային քարտերը և 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Այդ երկրի Մարաքեշ քաղաքում բնակվել է 74-ամյա կնոջ առանձնատանը, փորձել վերջինիս ֆինանսական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012 թվականի մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից և մեղադրվել խարդախության համար:
Երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության արդյունքում 2015 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալ Գ.Խաչատրյանը տեղափոխվել է Հայաստան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: