Լրահոս
18.01.21, 11:38

Անհետ կորած տարեց կնոջ դին հայտնաբերվել է Արզնի-Շամիրամ ջրատարում

Անհետ կորած տարեց կնոջ դին հայտնաբերվել է Արզնի-Շամիրամ ջրատարում

2020թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:55-ին, Նոր Երզնկա գյուղի բնակչուհուց հաղորդում է  ստացվել այն մասին, որ իր 86 տարեկան մայրը տանից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև՝ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են վկաներ:

2021թ. հունվարի 17-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ,  հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին:

Դիակի մասամբ սառցապատ լինելու պատճառով հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: