Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անտառապահին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության N պահաբաժնի անտառապահը պատշաճ չի կատարել իր պարտականությունները. չի արձանագրել անտառխախտման դեպքերը, պատշաճ քայլեր չի ձեռնարկել՝ կանխարգելելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Մասնավորապես՝ պարզվել է, որ անտառապահն իրեն վստահված պահաբաժնում 2015թ. գարնանը շրջայց կատարելու ժամանակ հայտնաբերել է համագյուղացու կողմից ապօրինի հատված հաճարենի ու բոխի տեսակի ծառերի փայտանյութը տեղափոխելու փաստը, սակայն չի կազմել անտառխախտման արձանագրություններ:
Բացի այդ, 2015թ. նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում նույն պահաբաժնում շրջայց կատարելու ժամանակ անտառապահը հայտնաբերել է 20 հաճարենու, 7 բոխիի և 2 սոճենու կոճղեր, սակայն անտառահատումների դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հարցում բացթողումները քողարկելու նպատակով չի արձանագրել առերևույթ հանցագործություն կատարած անձի կողմից ծառերի ապօրինի հատման փաստը։ Փոխարենը հատումներին օրինական տեսք տալու նպատակով ապօրինի հատված 23 ծառերի կոճղերի կեղևը մաքրել և օրինական հատատեղերի համար նախատեսված կանաչ ներկով կատարել է համարակալմանը նմանվող անընթեռնելի գրառումներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հեդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: