Լրահոս
03.09.20, 07:54

Ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու համար

Ապահովագրական  ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական  ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, խոստացել է առցանց եղանակով վերակնքել այն, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռացել է։

2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 14:15-ի սահմաներում, ընկերության գործակալը տեղեկանալով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները կանգնեցրել են 42-ամյա հաճախորդին պատկանող «Մերսեդես բենս»  ավտոմեքենան, իր հարաբերությունները վերջինիս հետ պահպանելու դրդապատճառով, առանց տղամարդու գիտության, Վանաձոր քաղաքի Խորենացի հասցեում գործող ապահովագրական ընկերության գրասենյակում, ապահովագրել է վերոնշյալ ավտոմեքենան և համակարգչով՝ առցանց եղանակով, կազմել պատասխանատվությունից ազատող ԱՊՊԱ վկայագիր՝ կեղծել դրանում նշված ժամը,  և այն օգտագործելու նպատակով տրամադրել է նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: