Ա.Փելեշյանը նախաքննության ընթացքում զղջացել է կատարած արարքի համար և հայտնել տուժողի հետ հաշտվելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի բոլոր հանգամանքները։
2016թ. հոկտեմբերին Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Անմիջապես ձեռնարկվել են քննչական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, և նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և Ռ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննությամբ՝ պարզվել է, որ Ա.Փելեշյանը 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենքում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար վիճաբանել է կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` այդպիսով ծեծի ենթարկելով նրան։
Վերոշարադրյալը հիմնավորվել է բազմաթիվ ապացույցներով, այդ թվում՝ վկաների ցուցմունքներով, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրության զննությամբ և մի շարք այլ փաստական տվյալներով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 0635 եզրակացության համաձայն՝ տուժողի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Փելեշյանին 2016 թվականի հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննության ընթացքում տուժող Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին և տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Ա.Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ա.Փելեշյանը ևս դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և լրացուցիչ ցուցմունքում նշել, որ զղջում է կատարած արարքի համար, հաշտվել է Ռ.Գրիգորյանի հետ և խնդրում է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական գործով վարույթը կարճել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Վերոշարադրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներով՝ քննիչը որոշում է կայացրել սույն քրեական գործով վարույթը կարճել և Ա.Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: