Լրահոս
16.08.19, 14:00

Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ

Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ իրենց է մոտենում ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը, դիմել են փախուստի, որի ընթացքում նրանցից մեկը գոտկատեղից դուրս է բերել և գետին նետել ատրճանակին նմանվող առարկա:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է ատրճանակը գետնին նետած տղամարդու ինքնությունը, ով Բյուրեղավան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել են թվով երկու հատ ատրճանակին նմանվող առարկաներ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 8 և 7 փամփուշտներով, ինչպես նաև «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական,  դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ դեպքի վայրից ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակների, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 7 և 8 մարտական փամփուշտները իրացրած, դրանք ապօրինի ձեռք բերած և կրած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: