Ապօրինի ծառահատում Սյունիքում
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ճակատեն գյուղում ապօրինի ծառահատման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքում՝ մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են նույն գյուղի 3 բնակիչներ: Վերջիններս ներգրավվել են որպես կասկածյալ, հարցաքննվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: