Լրահոս
30.10.24, 14:57

Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել

Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին ևս մեկ անդամի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահի մասով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2005-2007թթ. ընթացքում Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած ՀՇ-ի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի մասով ևս նախաքննությունն ավարտվել էր և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էին դատարան։

Նշված հանցագործությունների առնչությամբ վարույթի՝ նախաքննության փուլում գտնվող մասով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, ի թիվս Երևան քաղաքի նախկին Արաբկիր թաղային համայնքի ավագանու այլ անդամների, ԷԿ-ի կողմից, պաշտոնավարման ժամանակահատվածում, առերևույթ մի շարք չարաշահումներ կատարելու հանգամանքը։

Մասնավորապես քննությամբ  փաստական  տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամները, այդ թվում՝ ԷԿ-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 158 500 000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մասնավորապես՝ Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովը համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի 3 շենքի թիվ 60 բնակարանը, Փափազյան փողոցի 23 շենքի «Կուլտուրայի տուն-ը և Կոմիտասի փողոցի 8 շենքի 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (նկուղը)  2006  թվականի տարբեր ամիսներին կայացրած եզրակացություններով նպատակահարմար է գտել աճուրդային կարգով օտարել:

Հաշվի առնելով, որ տվյալ տարածքները որևէ մեկին վարձակալությամբ հանձնված չեն և փաստացի ազատ են՝ դրանց օտարման գործընթացն իրականացնելու նպատակով, նախկին Արաբկիր համայնքի ավագանու՝ թվով 10 անդամները, այդ թվում՝ Է.Կ.-ն, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի եզրակացությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կայացրել են որոշումներ, որոնց համաձայն՝ Արաբկիր համայնքին պատկանող 79քմ ընդհանուր մակերեսով հիշյալ բնակարանի, 446.75 քմ մակերեսով «Կուլտուրայի տան և Կոմիտասի փողոցի 8 շենքի, 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վաճառքներն իրականացվել են աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով կադաստրային և շուկայական արժեքից անհամեմատ ցածր գին՝ համապատասխանաբար 3.350.000 ՀՀ դրամ, 108.066.000 ՀՀ դրամ և   1.370.000 ՀՀ դրամ։ Դա այն դեպքում, երբ հիշյալ տարածքների շուկայական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 13.600.000, 167.410.000 և 33.860.000 ՀՀ դրամ:

Իր հերթին, համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաստատել է ավագանու հիշյալ որոշումները, որով օրենքով իրեն վստահված հիշյալ տարածքները դրվել են աճուրդի և հետագայում մեկնարկային գնով վաճառվելու արդյունքում վատնման եղանակով հափշտակվել՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:  

Այնուհետև Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե հանդիսանալով հիշյալ տարածքների վաճառքի կապակցությամբ կազմակերպված աճուրդի կազմակերպիչը,  անձնական այլ դրդումներով, ստորագրել և հաստատել է անշարժ գույքն աճուրդով օտարելու մասին արձանագրությունները, որից հետո, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստորագրել և հաստատել է  կարգադրություններ, որոնցով կազմվել են վերոհիշյալ տարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր և համայնքի նախկին ղեկավարի հետ անմիջական կապ ունեցող անձանց և համայնքի միջև կնքվել են վերոհիշյալ տարածքների առուվաճառքի պայմանագրեր, դրանք սեփականության իրավունքով, շուկայականից անհամեմատ ցածր արժեքով վաճառվել են, այնուհետև գույքը ձեռք բերած անձինք դրանք շուկայական իրական արժեքով օտարել են այլ անձանց: 

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՓԲԸ-ի աշխատակիցները 2007-2008 թվականների ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրել են ընդհանուր 103.692.392 ՀՀ դրամի չափով գումար և հանձնել Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ի հաշվապահին (մահացել է 2010թ.): Վերջինս, օրինական հիմքերով ստանալով ընկերության կողմից իրեն վստահված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը, դրանից, ընկերության միակ մասնակցի և տնօրենի ցուցումով, համայնքային բյուջե է մուտքագրել ընդհամենը 24.459.926 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը փոխանցել է վերջիններիս՝ այդպիսով նրանց հետ միասին հափշտակելով ընկերությունից օրինական հիմքերով ստացված 79.232.466 ՀՀ դրամը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՓԲ ընկերության հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ավագանու անդամներից Է.Կ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Հաշվի առնելով, որ մեղադրյալները (մեկի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը) չեն համաձայնել ոչ արդարացնող՝ մասնավորապես մեկի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու, մյուսի դեպքում՝ մահվան հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելուն, նրանց վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ դատախազություն՝ այն դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով։  

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: