Լրահոս
26.02.18, 10:47

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով. մեղադրանք է առաջադրվել 7 անձի (լուսանկարներ)

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով. մեղադրանք է առաջադրվել 7 անձի (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնություն, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, առաջադրվել մեղադրանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մաքսանենգ ճանապարհով: Թմրամիջոցների ներկրումը կազմակերպել են ԻԻՀ քաղաքացիները՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ այն թաքցնելով ավտոբուսներով ՀՀ ներկրված կենցաղային տեխնիկայի մեջ, ինչպես նաև՝ իրենց իսկ մարմնում, ապա՝ տեղափոխել ՀՀ-ում վարձակալված բնակարան: Թմրամիջոցներն իրացվել են ՀՀ քաղաքացիների, որոնք էլ իրենց հերթին այն վաճառել են տարբեր անձանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնից 3-ը ԻԻՀ քաղաքացիներ են, 4-ը՝ ՀՀ:

Այսպես՝ ԻԻՀ 3 քաղաքացիներից առաջինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քաղաքացիներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։

Նկատի ունենալով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել թմրամիջոցների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխվելու մասին՝ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: