Լրահոս
09.11.23, 11:24

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով տնտեսվարողի կողմից պետբյուջե է վճարվել 300 մլն դրամը

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով տնտեսվարողի կողմից պետբյուջե է վճարվել 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՄՄ-ն, հանդիսանալով 2018թ մարտի 20-ին պետական գրանցում ստացած, «ՊՈՊՈ» անվանումով խանութների միջոցով խաղերի ու խաղալիքների առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում խաղալիքների առևտուր իրականացրած և նույն անվան ներքո գործած անհատ ձեռնարկատեր ԱՊ-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ու ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, իր եղբայր՝ նույն ընկերության հաշվապահ ՍՄ-ի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2018թ. օգոստոս ամսից 2020թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը։ Վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև, որպես Ա/Ձ՝ ԱՊ-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2018թ օգոստոս ամսից 2020թ դեկտեմբեր ամիսների ընթացքում վերջինիս միջոցով նույն եղանակով թաքցրել է անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն ՄՄ-ի, հաշվապահ ՍՄ-ի և Ա/Ձ ԱՊ-ի  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում ՄՄ-ն, ՍՄ-ն և ԱՊ-ն իրենց մեղավոր են ճանաչել, հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և հայտարարագրել նախկինում թաքցված 785000000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունը, որից 2023թ. նոյեմբերի 8-ին պետական բյուջե են վճարել շուրջ 300000000 ՀՀ դրամը, իսկ մնացած հարկային պարտավորությունները պարտավորվել են վճարել սեղմ ժամկետում։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: