Լրահոս
22.08.15, 10:57

Առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով

Առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:

 

2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

 

Նախնական քննության տվյալներով՝  երեխան վնասվածքն ստացել է իրենց տան վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում. երեխայի ստորին ծնոտը մնացել է նշված  հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

 

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները,  ֆիզիկական անձանց առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության և անվտանգ շահագործման սպասարկման կարգը, պայմանները, պատասխանատու անձանց շրջանակը։

 

Նշանակված դատաբժշկական փորձաքննության  թիվ 613 եզրակացության համաձայն՝ Լ.Բադասյանի մահը վրա է հասել սուր շնչական անբավարարությունից, որն էլ առաջացել է պարանոցի, կրծքավանդակի, որովայնի օրգանների բութ առարկաներով սեղմման-ճնշման հետևանքով զարգացած հիպօքսիկ էնցեֆալոպիայով:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝  2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11-ի սահմաններում, յոթնամյա տղան, վերջինիս հինգուկեսամյա քույրիկը եւ նրանց դայակը նստել են առանձնատան վերելակը՝ 4-րդ հարկ բարձրանալու համար: Դայակը կանգնել է դռների դիմաց, իսկ երեխաները՝  ձախ եւ աջ կողմերում։ Հանկարծ վերելակը կանգ է առել եւ նկատել են, որ փոքրիկ աղջնակը մարմնի վերևի հատվածով թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը՝  վերելակի աջ կողմից դուրս՝  վերելակի կողային երկաթի և երրորդ ու չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի միջև: Դայակը գրկել է  երեխայի որովայնի հատվածից, որպեսզի չշարժվի և չվնասվի, ու զանգահարել  երեխաների մորը, ապա՝ 911: Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են, դուրս բերել փոքրիկին ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

 

Պարզվել է, որ դիտարկվող առանձնատանը վերելակը տեղադրվել է մոտ 2 տարի առաջ եւ պատրաստվել է բանվորների կողմից։  Ընտանիքի հայրը հայտնել է, որ վերելակը գտնվել է սարքին վիճակում, վերելակի հետ կապված երբեք որևէ խնդիր չի առաջացել։

 

Նախքան տեղադրվելը  վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական ստուգման չի ենթարկվել,  վերելակը որևէ կազմակերպությունում գրանցված չի եղել և երբեք վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, չի սպասարկվել:

 

Քննությամբ պարզվել է, որ առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով: Նշված առանձնատան սեփականատերը տեղադրված վերելակի տեխնիկական անվտանգության սպասարկման համար պայմանագիր չի կնքել և վերելակի շահագործման ողջ ընթացքում այն որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, այսինքն որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի կրում նշված տանը գործող վերելակի տեխնիկական անվտանգության համար: ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում. տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար՝ դրանց համար պատասխանատու անձի կողմից…:

 

Դրանից բացի՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ աղջնակը մարմնական վնասվածքներն ստացել և մահացել է անզգուշաբար գլուխը վերելակի կողային հատվածից դուրս հանելու արդյունքում գլուխը վերելակի կողային երկաթի և տան երրորդ ու չորրորդ հարկերը միմյանցից բաժանող բետոնե հատվածի միջև հայտնվելու հետևանքով:  Այսինքն՝ քրեական գործի նյութերում բացակայում է հանցագործության դեպքը:

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։