Լրահոս
24.10.19, 08:15

Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի  ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր «Իդրամ» դրամապանակից հափշտակել են 69.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:50-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացին իր «Իդրամ» դրամապանակ մուտք գործելու համար օգտագործված համացանցի հասանելիության IP-ն տրամադրել է Արարատ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչին: Վերջինս էլ քաղաքացու «Իդրամ» դրամապանակից հափշտակել է գումարը, փոխանցել իր ծանոթի «Իդրամ» դրամապանակին և նույն օրը կանխիկացրել գումարը:

2019թ. հոկտեմբերի 11-ին Արարատ քաղաքի 30-ամյա բնակչի բնակարանում կատարված խուզարկությամբ առգրավվել են վերջինիս պատկանող բջջային հեռախոսները և համակարգչային տեխնիկան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: