Արարատի բնակչուհուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝ նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։
2017 թվականի հունիսի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:
Հաջորդ օրը՝ 2017 թվականի հուլիսի 1-ին, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին ներկայացել է և հայտնել, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, իրեն առևանգել է նախկին ամուսինը՝ 2 ընկերների հետ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով տարել դեպի Այնթապ գյուղի գերեզմանատուն, որից հետո ընկերները հեռացել են։ Ըստ կնոջ հայտարարության՝ ամուսինն առաջարկել է հաշտվել, ինչը մերժել է, որից հետո իրեն գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։
Սպառնալիքներից վախենալով՝ ի վերջո համաձայնել է հաշտվել և միանալ նախկին ամուսնու հետ, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, պատեհ առիթ գտնելով՝ դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:
Քրեական գործով 30-ամյա կինը ճանաչվել է տուժող։ Նախկին ամուսինը հայտնաբերվել է, ձերբակալվել և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կատարվել է նաև առերես հարցաքննություն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: