Արդարադատության ակադեմիան ավարտած քննիչի թեկնածուներն աշխատանքի նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում (Լուսանկարներ)
Դեկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։
Դիպլոմների հետ միասին քննիչների 25 թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։ Նրանց թվում էր նաև ապրիլյան պատերազմի մասնակից՝ Գագիկ Հովհաննիսյանը, ով ծառայությունը կիրականացնի ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում՝ քննիչի պաշտոնում։
«Քննչական կոմիտեում ձևավորվել է բարի ավանդույթ, երբ շրջանավարտներն ավարտական դիպլոմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման մասին հրամանները: Արձագանքը դրական է, աշխատանքի ընդունման այս ընթացակարգը դրական միջավայր է ստեղծում մեր կառույցի շուրջ։ Այս երեք տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել այն մթնոլորտը, որ Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս, պաշտոնների նշանակվելիս, կոչումներ ստանալիս կոռուպցիոն դրսևորումները բացառվում են»,- շնորհավորելով նորանշանակ քննիչներին՝ ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ շրջանավարտների աշխատանքի նշանակման ձևավորված ընթացակարգը հետագայում ևս պահպանվելու է։
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվում է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ:
Ծանուցում.
ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով
• անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
•տիրապետում է հայերենին.
• չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):
Նշանակումները կատարվում են ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակից, որը համալրելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվարին, հայտարարում է որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
Գրավոր քննության արդյունքում դրական միավորներ ստացած անձինք ուսումնառության ծրագիր են անցնում ՀՀ արդարադատության ակադեմիայում։